Կիսինի եկամտաբեր տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիսինի եկամտաբեր տուն
Տեսակտեսարժան վայր և եկամտաբեր տուն
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
ՓողոցՄոսկովյան փողոց (Դոնի Ռոստով)
Ճարտարապետական ոճԲոզար
Հարկեր3[1]
Հիմնադրված է1899
ՃարտարապետՆիկոլայ Դորոշենկո և Նիկոլայ Դուրբախ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Կիսինի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом Кисина), նաև՝ Վ. Ռ. Մաքսիմովի ժառանգների եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом наследников В. Р. Максимова)[2], հինավուրց տուն Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի Մոսկովյան փողոցում։ Շենքը տարածաշրջանային նշանակության պատմության և մշակույթի հուշարձան է։

Հասցեն՝ Դոնի Ռոստով, Մոսկովյան փողոց, 72 (նաև՝ Մոսկովյան փող., 72/27/71, Գազետնի նրբանցք, Ստանիսլավսկու փողոց, լիտեր Ա[2]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի վերջին մեծահարուստ վաճառականներ Վենիամին Կիսինը և Իսահակ Ֆրոյմովիչը, որոնք կտորեղեն և պատրաստի հագուստ էին վաճառում, որոշեցին կառուցել նոր Առևտրի տուն։ Շենքի շինարարության ավարտի ենթադրվող ամսաթիվը 1899 թվականն էր։ Շինությունը սկզբնապես կառուցվում էր քաղաքի ճարտարապետ Նիկոլայ Դորոշենկոյի նախագծով։

1902 և 1910 թվականներին շենքը վերակառուցվել է քաղաքային ճարտարապետ Նիկոլայ Դուրբախի նախագծով։ Սկզբում շենքը U-աձև էր, կողային ճակատը նայում էր Գազետնի նրբանցքին։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ շենքի վրա ռումբ է ընկել և ոչնչացրել շենքի այն մասը, որը նայում էր Գազետնի նրբանցքին։

Հոկտեմբերյան հեղափոխությունից առաջ տան առաջին հարկում գործում էին պատրաստի զգեստների խանութներ, դրանց վերևում Ռոստովի բժիշկների, փաստաբանների և ինժեներների կողմից վարձակալված բնակարաններ էին։ Հայտնի էր տան վարձակալ, դոկտոր Ֆաբիան Նատանովիչ Գուրարին, որը ռենտգենյան ճառագայթներով բուժում էր մաշկի և ներքին հիվանդությունները։ Նրա տանը կար ռենտգենյան ապարատով աշխատաասենյակ, որն այն ժամանակ հազվադեպ երևույթ էր։

Շենքի մի մասը զբաղեցնում էին էժան բնակարանները, որոնք բակի կողմից ունեին առանձին մուտք։ Ներքին բակից ավելացվել էին արտաքին աստիճաններով պատշգամբներ։

Հեղափոխությունից հետո առաջին հարկում շարունակում էր գործել մթերային խանութը, որը կոչվում էր Անաստաս Միկոյանի անունով։ Տան մեկ այլ մասում գտնվում էր հասցեների բյուրոն, որը գրողներ Իլֆը և Պետրովը փառաբանել են «Տասներկու աթոռ» վեպում։ Դատելով վեպից՝ հայր Ֆեոդորը մտնում է այս գրասենյակ՝ փնտրելով ինժեներ Բրունսին, որը գնված աթոռներով տեղափոխվել էր Բաքու։ Ավելի ուշ «Ռոստգորսպրավկա» անունով հասցեների բյուրոն սկսեց գրավել ամբողջ առաջին հարկը։ Այդ հաստատությունն այնտեղ աշխատել է մինչև 1990-ական թվականների վերջը։ Հեղափոխությունից հետո մեծ սենյակները բաժանվել էին լրացուցիչ պատերով, ստեղծվել էին նոր սենյակներ, որտեղ բնակեցվել էին ավելի շատ բնակիչներ։ 1920-ական թվականներին փողոցային երեխաները գիշերում էին տան միջանցքում և դռնապանի սենյակում։

Ներկայումս շենքը գտնվում է խարխլված վիճակում, նրա առաջին հարկը զբաղեցնում է արդյունաբերական ապրանքների խանութը, վերին հարկերում բնակարաններ են։ Ենթադրվում է շենքի ապաբնակեցումը, նրա վերականգնումը և այնտեղ թանգարանի ստեղծումը[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]