Հայկական քաղաքապետության շենք (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական քաղաքապետության շենք
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Ճարտարապետական ոճկլասիցիզմ
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Հայկական քաղաքապետություն (մագիստրատ) (ռուս.՝ Здание армянского магистрата), շենք Դոնի Ռոստովում, որը գտնվում է Ազատության հրապարակում։ Քաղաքի հնագույն տներից մեկն է։ Որոշ տվյալներով` այն կառուցվել է 1790-ական թվականների սկզբին` Նոր Նախիջևան քաղաքում (այժմ` Դոնի Ռոստովի Պրոլետարսկի շրջանի կազմում)[1]։ Շենքն ունի մշակութային ժառանգության բացահայտված օբյեկտի կարգավիճակ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնի Նախիջևան քաղաքը հիմնադրելու մասին Եկատերինա II-ի հրամանագրում ասվում է. «...Հրամայում ենք հիմնել քաղաքապետություն և այնտեղ անցկացնել դատ և դատաստան ձեր իրավունքների ու սովորությունների համար՝ ձեր միջից ընտրվող պետերի կողմից, որոնք լինելու են Ազովի նահանգի պաշտոնացուցակում և հաստիքացուցակում և լինելու են փոխարքայի կառավարման ներքո...»։

Հայկական քաղաքապետության առաջին շենքը, ըստ երևույթին, եղել է փայտե։ Այնուհետև այն փոխարինվել է քարե շենքով, որը պահպանվել է մինչև մեր օրերը։ Նրա կառուցման ստույգ ամսաթիվն անհայտ է, սակայն ըստ որոշ ենթադրությունների՝ այն կառուցվել է 1790-ական թվականների սկզբին[1]։

Հայկական քաղաքապետությունը կառուցվել է կլասիցիզմի ոճով պետական շենքերի «տիպարային նախագծով»։ Երկհարկանի շենքը եղել է ուղղանկյունաձև։ Դեպի հրապարակ դուրս եկող գլխավոր ճակատի կենտրոնական մասում սկզբնապես կար քառասյուն սյունասրահ՝ պատշգամբով երկրորդ հարկում[1]։

1868 թվականին քաղաքապետությունը լուծարվեց, և նրա փոխարեն ստեղծվեց քաղաքային վարչություն, որի համար ոչ հեռու կառուցվեց նոր շենք[1]։

1872 թվականին Հայկական քաղաքապետության շենքը դարձավ վաճառական Հայրապետովների սեփականությունը։ Շենքը դարձավ կառապանների իջևանատուն։ Տան բակում հայտնվեցին անասնակերի ցախանոցներ։ Առանձնատանը գտնվում էին ճաշասենյակը, խոհանոցը, կառավարչի և հյուրերի սենյակները, առևտրային տարածքներ[1]։

Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի տարիներին շենքում բացվեց Հնությունների և արվեստի երկրամասային հայկական թանգարանը։ Այն գլխավորում էր Նախիջևանի հոգևոր ճեմարանի նախկին ռեկտոր Երվանդ Շահազիզը։ Թանգարանը գոյություն ունեցավ մինչև 1922 թվականը, երբ նրա արխիվը տեղափոխվեց Երևան՝ լրացնելով Պատմամշակութային թանգարանի հավաքածուն[1]։

Թանգարանի փակվելուց հետո շենքը վերակառուցեցին՝ դարձնելով կոմունալ կացարան։ 1930-ական թվականներին խարխլության պատճառով քանդվեց գլխավոր ճակատի սյունասրահը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Волошинова Л. Ф. Бульварная площадь. — Ростов-на-Дону: Донской издательский дом, 2001. — С. 33—39. — (Серия "Судьбы улиц, площадей, зодчих"). — ISBN 5-87-688-202-X
  2. «Ростов-на-Дону (выявленные объекты культурного наследия)». Официальный портал Правительства Ростовской области. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 28-ին.