Մարմնամարզության կենտրոն (Կազան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարմնամարզության կենտրոն
Տեսակմարզական կառույց
ՄարզաձևԲադմինտոն և մարմնամարզություն
ՏեղագրությունԿազան
Երկիր Ռուսաստան
Հիմնադրվածնոյեմբերի 14, 2012
Բացվածնոյեմբերի 14, 2012
Տարողություն3200

Մարմնամարզության կենտրոն (թաթ.՝ Гимнастика үзәге), մարզական կառույց Ռուսաստանի Կազան քաղաքում (Թաթարստան), որը կառուցվել է հատուկ 2013 թվականի Ամառային ունիվերսիադայի սպորտային մարմնամարզության և գեղարվեստական մարմնամարզության մրցումներն անցկացնելու համար։ Ունիվերսիադայից հետո օբյեկտն ընդունել է բադմինտոնի Եվրոպայի առաջնությունը և մարմնամարզության ու այլ մարզաձևերի բազմաթիվ ազգային և քաղաքային առաջնություններ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազանում մարմնամարզության կենտրոնի կառուցումը նախատեսվել էր 2013 թվականի Ամառային ունիվերսիադայի շրջանակներում մրցումներ անցկացնելու համար։ Կենտրոնի ստեղծման նախագծին աջակցել են Ռուսաստանի սպորտի նախարարությունը, Թաթարստանի երիտասարդության հարցերի, սպորտի և զբոսաշրջության նախարարությունը, Գեղարվեստական մարմնամարզության համառուսաստանյան ֆեդերացիան և Թաթարստանի գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիան։ Մրցումների դահլիճն ունի 3200 նստատեղով տրիբունա[1]։ Կենտրոնն ունի նաև սպորտային մարմնամարզության և գեղարվեստական մարմնամարզության երկու մարզումային հրապարակ, խորեոգրաֆիկ, մարզասարքային և ֆիթնես դահլիճներ[2]։

Օբյեկտի մակերեսը 20 հազար քառակուսի մետր է, կառույցի շինարարությունն իրականացրել է ««Կազան» արտադրական-շինարարական միավորում» ՍՊԸ-ն։ Օբյեկտի պլանավորված շինարարության ամսաթիվը 2010 թվականի վերջն էր։ Մարմնամարզության կենտրոնի շինարարության համար հատկացվել է 1,25 միլիարդ ռուբլի[3]։

2010 թվականի ամռանը աննախադեպ շոգի ժամանակ շինարարության ընթացքում 15 մետր բարձրությունից փլուզվել է գմբեթը։ Հարուցվել է քրեական գործ ՔՕ 216-րդ հոդվածի 2-րդ մասով («Հանքարդյունաբերության, շինարարության կամ այլ աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է մարդու մահվան»)[3]։

Մարգարիտա Մամունի ելույթը 2013 թվականի Ամառային ունիվերսիադայում

Մարմնամարզության կենտրոնը բացվել է 2012 թվականի նոյեմբերի 14-ին և դարձել է Պովոլժիեի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության պետական ակադեմիայի ստորաբաժանում[2]։ Ունիվերսիադայից առաջ այստեղ անցկացվել են ստուգողական մրցումներ. խմբային վարժություններում գեղարվեստական մարմնամարզության Ռուսաստանի առաջնությունը և գեղարվեստական մարմնամարզության Ռուսաստանի գավաթը[1][4]։

2013 թվականի ամառային ունիվերսիադայի ընթացքում Մարմնամարզության կենտրոնում կայացել են սպորտային մարմնամարզության (հուլիսի 7-10-ին)[5][6] և գեղարվեստական մարմնամարզության (հուլիսի 14-16-ին)[7] մրցումները[1]։

Պովոլժիեի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության պետական ակադեմիայի հետապնդած նպատակներից բացի, Ունիվերսիադայից հետո նախատեսվում էր անցկացնել նաև այլ մրցույթներ, ինչպես նաև տարածքներն օգտագործել Կազանի մանկապատանեկան մարզադպրոցի պարապմունքների համար[1]։ Մարմնամարզության կենտրոնում անցկացվել են Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության 2013, 2014 և 2015 թվականների առաջնությունները, բացի այդ, տարածքներն օգտագործվում են այլ մարզաձևերի մրցումների համար։ Օրինակ՝ Մարմնամարզության կենտրոնում անցկացվել են բադմինտոնի Եվրոպայի 2014 և 2016 թվականների առաջնությունները և ձյուդոյի մրցումներ[2]։

Հնարավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնամարզության կենտրոնում միաժամանակ կարող են պարապել մինչև 300 մարզիկներ[8]։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնամարզության կենտրոնը գտնվում է հետևյալ հասցեով՝ Ռուսաստան, Թաթարստան, Կազան, Սիրտլանովայի փողոց, տուն 6[1][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Центр гимнастики». Kazan 2013. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  2. 2,0 2,1 2,2 «О Центре гимнастики» (ռուսերեն). Центр гимнастики. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  3. 3,0 3,1 {{{վերնագիր}}}. Արխիվացված է 22 Ապրիլի 2017 սկզբնաղբյուրից:
  4. «Спортсмены из 87 стран подали заявки на участие в Универсиаде-2013 в Казани» (ռուսերեն). Интерфакс. 2012 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  5. «27th Summer Universiade in Kazan – Daily competition schedule». Kazan 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 10-ին.
  6. «Gymnastic Artistic - Results book» (PDF). Kazan 2013 (անգլերեն). 2013-07. Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  7. «Gymnastic Rhythmic - Results book» (PDF). Kazan 2013 (անգլերեն). 2013-07. Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  8. «Направления» (ռուսերեն). Центр гимнастики. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  9. «Контакты» (ռուսերեն). Центр гимнастики. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]