Մոսկովյան հոգևոր կոնսիստորիայի շենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոսկովյան հոգևոր կոնսիստորիայի շենք
Տեսակտեսարժան վայր, շենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿրասնոսելսկի շրջան
Ճարտարապետական ոճկեղծռուսական ոճ
Հիմնադրված է1895
Ժառանգության կարգավիճակcandidate heritage site in Russia?[1]
Քարտեզ
Քարտեզ

Մոսկովյան հոգևոր կոնսիստորիայի շենք (ռուս.՝ Здание Московской духовной консистории), շենք կեղծռուսական ոճով, որը կառուցվել է 1890-ական թվականներին Մոսկվայում։ Նախագծի հեղինակն է ճարտարապետ Վասիլի Սրետենսկին։ Հասցեն՝ Մյասնիցկայա փողոց, տուն № 3։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XV դարում հոգևոր կոնսիստորիայի ապագա շենքի տեղում գտնվել է Գոդունովների ապարանքը։ Ապա այստեղ հիմնվել է Ռյազանի վանատունը, որտեղ ապրել են այդ թեմը կառավարող եպիսկոպոսները։ 1677 թվականից այստեղ տեղակայված է եղել վիրավոր զինվորների համար հոսպիտալ։ 1722 թվականին տարածքն ավելացել է ի հաշիվ հարևան տան, որն ավելի վաղ պատկանել է ցարական դրանիկ Պյոտր Պոտյոմկինին[2]։

Եկատերինա II-ի օրոք այստեղ տեղակայվել է Գաղտնի գրասենյակը (քաղաքական հետախուզության և դատական մարմին XVIII դարի Ռուսաստանում) մենախցերով, որոնք հայտնաբերվել են XIX դարի վերջին շենքերը քանդելու ժամանակ։ Այդ մենախցերից մեկում նստել է Եմելյան Պուգաչովը։ 1801 թվականին շենքերը փոխանցվել են Հանրային խնամածության վարչությանը[2]։

1833 թվականին երկհարկանի շենքում տեղակայվել է հոգևոր կոնսիստորիան իր արխիվով, որը պարունակում էր մոսկովյան բոլոր եկեղեցիների չափաբերական մատյանները։ 1890-ական թվականներին շինությունները քանդվել են, և 1895 թվականի հուլիսի 31-ին կայացել է նոր շենքի հիմնարկեքը։ Շենքի նախագիծը կեղծռուսական ոճով ստեղծել է ճարտարապետ Վասիլի Սրետենսկին։ Հարևանությամբ ճարտարապետ Պ. Պ. Վինոգրադովի նախագծով կցակառուցվել է եկամտաբեր տուն, որի կահավորված սենյակները հանձնվել են վարձակալությամբ, իսկ առաջին հարկում տեղակայված էին «Մազուրինյան բորսայական արտելի» գրասենյակը և Յուրի Նեչաև-Մալցովի խանութը[2]։

1917 թվականի հեղափոխությունից հետո շենքում տեղակայվել է Ժողովրդական տնտեսության բարձրագույն խորհուրդը, որի գիտատեխնիկական բաժնին կից ստեղծվել է մեծ ընթերցասրահով գրադարան։ Այստեղ նաև գտնվել են «Տեխնիկատնտեսական բանբերի» խմբագրությունը և պետական տեխնիկական հրատարակչությունների գրախանութը[2]։

Այժմ շենքում տեղակայված է ՌԴ ՆԳՆ ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչությունը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (unspecified title)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Памятные места Мясницкой улицы». Наука и жизнь. 2000, № 3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]