Նադեժդա Սուսլովա-Գոլուբևայի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նադեժդա Սուսլովա-Գոլուբևայի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան և  Ուկրաինա
ԲնակավայրԱլուշտա
Շինության ձևքանդակ
Ներկա վիճակԿանգուն
Նադեժդա Սուսլովա

Նադեժդա Սուսլովա-Գոլուբևայի հուշարձան (ռուս.՝ Памятник Надежде Сусловой-Голубевой), հուշարձան Ղրիմի Ալուշտա քաղաքում։ Նվիրված է Ռուսաստանում առաջին կին բժիշկ Նադեժդա Պրոկոֆևնա Սուսլովա-Գոլուբևային (1843-1918)։ Տեղադրվել է 2012 թվականին Պարտիզանսկայա փողոց, 13 հասցեով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադեժդա Սուսլովան ծնվել է Նիժնի Նովգորոդի նահանգում։ Նա ցանկացել է ընդունվել բժշկական բարձրագույն ուսումնական հաստատություն, սակայն այն ժամանակների օրենքներն արգելում էին կանանց զբաղվել բժշկությամբ։ Այնուամենայնիվ, Սանկտ Պետերբուրգի բժշկական վիրաբուժության ակադեմիայի պրոֆեսորներ Սեչենովը և Բոտկինը 1862 թվականին, բացառության կարգով, թույլ տվեցին երեք կանանց, այդ թվում՝ Ն. Սուսլովային, որպես ազատ ունկնդիրներ ներկա գտնվել իրենց դասախոսություններին,առանց ռազմական նախարարի թույլտվության, որին այն ժամանակ ենթարկվում էր ակադեմիան։ Սակայն 1863 թվականին հաստատվեց նոր կանոնադրություն, որով կանանց արգելվում էր հաճախել դասախոսություններին։ 1864 թվականին Սուսլովան հեռացվեց ակադեմիայից։ Սակայն նա շարունակեց պայքարել և գնաց Շվեյցարիա՝ Ցյուրիխի համալսարանի բժշկական ֆակուլտետում իր կրթությունը շարունակելու, որտեղ ընդունվեց որպես բացառություն։ 1867 թվականին նա փայլուն կերպով պաշտպանեց թեզը Իվան Սեչենովի ղեկավարությամբ և ստացավ «բժշկության, վիրաբուժության և մանկաբարձության դոկտորի աստիճան»։

Սակայն երիտասարդ բժիշկուհու խնդիրներն այդքանով չավարտվեցին։ Ռուսական կայսրությունում կինը չէր կարող լինել բժիշկ, արտերկրում ստացած կրթությունը ուժ չուներ, և իրավունք ստանալու համար հարկավոր էր անցնել հատուկ քննություն։ Սուսլովան հաջողությամբ անցավ նոր փորձությունը։ Նրա բժշկական պրակտիկան փայլուն էր, նա հարգանք էր վայելում ինչպես բժշիկների, այնպես էլ բնակչության շրջանում։

Նադեժդա Պրոկոֆևնան ամուսնու՝ Ալեքսանդր Եֆիմովիչ Գոլուբևի (1836-1926) մոտ Ալուշտա է տեղափոխվել 1892 թվականին։ Այստեղ նա պաշտոնապես չի զբաղվել բժշկական գործունեությամբ, սակայն օգնել է տեղացիներին, բուժման համար գումար չի վերցրել և նրանց դեղերի գումարը վճարել է սեփական գրպանից։

20-րդ դարի վերջում Ալուշտայում ցանկություն էր առաջացել ստեղծելու Ն. Պ. Սուսլովա-Գոլուբևայի թանգարանը և դրա համար 1987 թվականին քանդակվել էր հուշարձան, որն այժմ տեղադրված է հիվանդանոցի պուրակում։ Սակայն թանգարանն այդպես էլ չբացվեց, իսկ հուշարձանը երկար տարիներ մնաց Ալուշտայի Սերգեյ Սերգեև-Ցենսկու գրական հուշաթանգարանի պահեստում։ Միայն 2012 թվականի հոկտեմբերի 12-ին այն տեղադրվեց քաղաքում։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Վլադիմիր Վասիլևիչ Պետրենկոն և ճարտարապետ Ալեքսանդր Կուշչևը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ հասակով կանգնած բժշկուհու քանդակը պատրաստված է սպիտակ մարմարից։ Նրա աջ ձեռքի արմունկը հենվում է ոճավորված սյանը, որի հիմքում գրքեր են, իսկ վերևի մասում բժշկության խորհրդանշանը։ Գրքերի կռնակներին հետևյալ հեղինակների անուններն են. Սոկրատ, Արիստոտել, Վոլտեր, Սեն Սիմոն, Ն. Չեռնիշևսկի, Ա. Գերցեն, Կ. Մարքս։ Հուշարձանի վրա փորագրված են նաև հետևյալ խոսքերը.

Ես ինձ երջանիկ կհամարեմ, եթե կարողանամ օգնել գոնե որևէ մեկին դժվարին իրավիճակում, մեղմել վիշտը, մի խոսքով, գործել ոչ թե սխրանք, այլ սիրո և բարեսրտության պարզ դրսևորում։
- Ն. Պ. Սուսլովա

Հուշարձանի պատվանդանին փակցված է հուշատախտակ հետևյալ գրությամբ.

Նադեժդա
Սուսլովա-Գոլուբևա
1843-1918
Ռուսաստանում առաջին կին բժիշկ,
ապրել և աշխատել է Ալուշտայում

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]