Վարշավայի համալսարանի գլխավոր մասնաշենք (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարշավայի համալսարանի գլխավոր մասնաշենք
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Հասցեул. Б. Садовая, 33 / пер. Островского, 43, г. Ростов-на-Дону, Россия.
Ճարտարապետական ոճմոդեռն
Հիմնադրված է1914
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Դոնի (Վարշավայի) համալսարանի նախկին գլխավոր մասնաշենք (ռուս.՝ Главный корпус Варшавского университета), շենք Դոնի Ռոստովում, որը կառուցվել է 1912-1914 թվականներին՝ ճարտարապետ Ի. Ե. Չերքեսյանի նախագծով[1]։ Գտնվում է Բոլշայա Սադովայա փողոցի և Օստրովսկու նրբանցքի անկյունում։ Ներկայումս Հարավային դաշնային համալսարանի մասնաշենքերից մեկն է[2]։ Շենքը կառուցվել է մոդեռն ոճով և ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբում Պոչտովի նրբանցքի (այժմ՝ Օստրովսկու նրբանցք) և Բոլշայա Սադովայա փողոցի խաչմերուկում գտնվում էին 1-ին գիլդիայի վաճառական Ի. Չուրիլինի ֆաբրիկայի և գործարանի մասնաշենքերը։ 1912 թվականին քաղաքային դուման որոշեց այստեղ կառուցել եկամտաբեր տուն։ Անցկացվեց մրցույթ, որում առաջին տեղը զբաղեցրեց Քաղաքացիական ինժեներների ինստիտուտի ուսանող Ի. Ե. Չերքեսյանի (Չերքեսովի) նախագիծը։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել էին, համապատասխանաբար, կիևցի ինժեներ Ի. Գ. Տորովի և ռոստովցի ճարտարապետ Գրիգորի Վասիլևի նախագծերը։ Չերքեսյանի նախագիծը որոշ փոփոխություններով հաստատվեց։ Նույն թվականին սկսվեց շինարարությունը, և 1914 թվականին քաղաքային եկամտաբեր շենքը բացվեց[4]։

1915 թվականին գերմանական զորքերը մոտենում էին Վարշավային, և որոշվեց Վարշավայի համալսարանը տարհանել Դոնի Ռոստով։ Նախկին քաղաքային եկամտաբեր շենքը դարձավ համալսարանի գլխավոր մասնաշենք։ Այնտեղ տեղավորվեցին պատմա-բանասիրական, ֆիզիկա-մաթեմատիկական, իրավաբանական և բժշկական ֆակուլտետները, տարբեր գիտական ընկերություններ, լաբորատորիաներ և կլինիկաներ։ 1917 թվականին համալսարանը կոչվեց Դոնի։ 1930-ական թվականների կեսերին Ռոստովի համալսարանի գլխավոր մասնաշենքը տեղափոխվեց Կիստովի նախկին եկամտաբեր տուն։ Իսկ նախկին քաղաքային եկամտաբեր տանը տեղավորվեց Ռոստովի մանկավարժական ինստիտուտը։

1993 թվականին Մանկավարժական ինստիտուտը դարձավ համալսարան։ 2006 թվականին այն ընդգրկվեց Հարավային դաշնային համալսարանի կազմում։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային եկամտաբեր տունը նախահեղափոխական բացիկի վրա

Շենքը կառուցվել է մոդեռնի ոգով՝ կլասիցիզմի տարրերի կիրառմամբ[5]։ Հինգհարկանի շենքն ունի բարդ կառուցվածքի հատակագիծ։ Դեպի խաչմերուկ դուրս եկող հարավարևելյան անկյունը կլորացված է։ Գլխավոր ճակատը դուրս է գալիս Բոլշայա Սադովայա փողոց, այն ձևավորված է ծեփակերտ դեկորով զարդարված սվաղով։ Կենտրոնական մասում, գլխավոր մուտքի վերևում, առանձնացված է քառասյուն սյունաշարք, որն ավարտվում է հարթ ծոփորով, քիվով և ատտիկոսով։ Սկզբնապես սյուները տեսողաբար հենվում էին կենտրոնական մուտքի մոտի լայն պատշգամբին (ապամոնտաժվել է 1970-ական թվականներին, տե՛ս բացիկը)։ Գլխավոր մուտքը զարդարված է երեսկալներով և զարդաքիվով։ Երկրորդ հարկում խորշերի մեջ տեղադրված են դեկորատիվ ծաղկամաններ։ Չորրորդ հարկի պատշգամբներն ունեն ցանցկեն կռածո ցանկապատներ։ Դեպի Օստրովսկու նրբանցք դուրս եկող ճակատի կենտրոնում ընդգծվում է երկհարկանի էրկերը։ Շենքն ունի հատակագծման միջանցքային համակարգ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Шулепова Э. А. Материалы свода памятников истории и культуры РСФСР. Ростовская область.. — М.: Изд-во НИИ культуры, 1990. — С. 25.
  2. «Структура ЮФУ». dbs.sfedu.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
  3. «г. Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». donland.ru. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 7-ին.
  4. {{{վերնագիր}}}.
  5. Кукушин B. C. Русский классицизм // История архитектуры Нижнего Дона и Приазовья. — Ростов-на-Дону: ГинГО, 1995. — 275 с. — ISBN 5-88616-027-2