Վերին աշխարհի դափը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վերին աշխարհի դափը (այլ կիրառումներ)
Վերին աշխարհի դափը
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1993

«Վերին աշխարհի դափը» (ռուս.՝ «Бу́бен Ве́рхнего ми́ра»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի պատմվածքը, որը գրվել է 1993 թվականին[1]։ Այս պատմվածքի համար հեղինակն արժանացել է «Մեծ Օղակ-93» գրական մրցանակին[2]։ 1996 թվականին հրատարակված պատմվածքների ժողովածուն «Վերին աշխարհի դափը» վերնագիրն ունի[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ Պելևինին բնորոշ այս պատմվածքը լույս է սփռում հետվերակառուցումային Ռուսաստանի կյանքի վրա, որին հեղինակը հավելում է միստիկական տարրեր։ Պատմվածքը սկսվում է երեք հերոսուհիների՝ երիտասարդ աղջիկներ Տանյայի և Մաշայի, ինչպես նաև տարեց շամանուհի Տիյմինի հետ ծանոթությունից, որոնք էլեկտրագնացքով գնում են Մոսկվայի մարզի ուղղությամբ։

Տանյան գումար էր վաստակում՝ կազմակերպելով օտարերկրացիների հետ ամուսնանալու ճանապարհով ռուս աղջիկների արտագաղթը արտասահման, ընդ որում՝ այդ օտարերկրացիները Հայրենական մեծ պատերազմում զոհված և հարություն առած զինվորներ էին[3]։ Այդ գործում աղջկան օգնում է շամանուհի Տիյմինը, որն իր դափի օգնությամբ ստորին աշխարհում «հաճախորդ» է գտնում և նրան հարություն տալիս։ Վերակենդանացումը տեղի է ունենում երեք տարի ժամկետով և պարտադիր պայմանով՝ ամուսնություն պատվիրատու աղջկա հետ։ Նման ամուսնության գինը կախված է մահացածի քաղաքացիությունից։ Երրորդ հերոսուհին՝ Մաշան, Տանյայի հաճախորդն ու ընկերուհին է։ Մերձմոսկովյան անտառում Մաշան հայտնաբերել է խփված գերմանական ինքնաթիռ, որի մոտ էլ նրանք գնում են։

Դուրս գալով կառամատույց՝ կանայք գնում են անտառ ասֆալտապատ ճանապարհով, որը, սակայն, շուտով վերածվում է նեղ ցեխոտ արահետի։ Մաշան այս ճանապարհը նմանեցնում է իր կյանքին. «Սկզբում ուղիղ և հավասար, պարզ ճշմարտությունների շարքերով պատված, իսկ հետո անպետք դարձած և չգիտես թե ուր տանող արահետի վերածված»։ Շուտով նրանք հասնում են «Հայնկել» գրոհիչի կործանման վայրին և սկսում ծեսը։ Սակայն ստորին աշխարհում օդաչուին գտնել այս անգամ չի հաջողվում, և Տանյան առաջարկում է որոնել վերինում, թեպետ այդ որոնումները երբեք հաջողությամբ չեն ավարտվել։ Վերին աշխարհի դափն այլ կերպ է հնչում` ավելի հանգիստ ու մեղմ։ Ծեսն անցնում է բարեհաջող, և հայտնվում է մի մարդ, որը, ի հիասթափություն Տանյայի, լինում է ռուս մայոր Զվյագինցևնը, որը տեղափոխելիս է եղել ռազմավարային ինքնաթիռը և սխալմամբ խփվել։

Մայորը խոստովանում է, որ կանչին արձագանքել է միայն այն պատճառով, որ իրեն դուր է եկել Մաշան, որն իրեն հիշեցրել է իր հին ընկերուհու մասին։ Խարույկի մոտ նստած՝ նա Մաշային պատմում է վերին աշխարհի մասին, որտեղ ապրում է «խաղաղության և ուրախության մեջ»։ Այնտեղ «ոչ մի անուն չկա», իսկ քանի որ ամեն ինչ անանուն է, ուրեմն հակամարտություն էլ չկա։ Զվյագինցևը չի մնում «վայրի» երկրի վրա։ Հրաժեշտ տալով՝ նա Մաշային նվիրում է եղեգե շվի, որի օգնությամբ նա կարող է իրեն հյուր գնալ[3]։

Պատմվածքն ավարտվում է Մոսկվա վերադարձով։ Տանյան ընկերուհուն առաջարկում է բախտը փորձել Արխանգելսկի մոտակայքում, որտեղ ճահճի մեջ ընկած է ամերիկյան B-29, բայց Մաշան չի ցանկանում գնալ։ Նա պարզապես նայում է պատուհանից՝ գրպանում սեղմելով շվին և լարված մտածում է[3]։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենասկզբում պատմվածքը չի պարունակում ֆանտաստիկայի որևէ տարր։ Միայն միջնամասում է պարզվում, որ «պատվավոր եղջերվաբույծ» ներկայացված Տիյմինը շաման է, որն ընդունակ է մահացածներին հարություն տալու[3]։

Պատմվածքի ֆանտասմագորիան նման է հետվերակառուցումային Ռուսաստանի կյանքի ֆանտասմագորիային։ Այստեղ ավելի լավ կյանքի մասին երազանքները կապվում են զավթիչ զինվորների հետ։ Տանյայի համար նրանք պարզապես ավելի բարեկեցիկ և կայուն աշխարհից դուրս եկածներ են։ Ընդ որում՝ նա ոչ մի տարբերություն չի դնում նախկին թշնամիների և դաշնակիցների միջև[3]։

Պատմվածքը, այնուամենայնիվ, ավարտվում է ռուսական արձակի ավանդույթներով[3]։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վերին աշխարհի դափը» պատմվածքն առաջին անգամ տպագրվել է 1993 թվականին «Օկտյաբր» ամսագրի երկրորդ համարում[4][5]։ Ավելի ուշ ընդգրկվել է Վիկտոր Պելևինի «Վերին աշխարհի դափը» պատմվածքների ժողովածուում, որը լույս է տեսել «Տերրա» հրատարակչությունում 1996 թվականին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Сергей Полотовский, Роман Козак. Пелевин и поколение пустоты. — М., «Манн, Иванов и Фербер», 2012. — ISBN 978-5-91657-304-6
  2. Олизько Н. С. Паратекст Виктора Пелевина // Вестник Нижневартовского государственного университета. 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Литература в контексте современности: материалы II международной научной конференции, Челябинск, 25-26 февраля 2005 г, Том 2. Изд-во Челябинского гос. педагог. университета, 2005.
  4. Библиография, Выпуски 1-3. 1999
  5. Бубен Верхнего мира: Рассказ // Октябрь. — 1993. — № 2. — С. 103—110.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]